«Պատնեշ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 858 որոշմամբ` «Հրազդանմաշ» Բաց Բաժնետիրական Ընկերության վերակազմակերպման արդյունքում:
Իսկ «Հրազդանմաշ» գործարանը կառուցվել է դեռևս 1970-ականներին Հրազդան քաղաքում լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա, որը կոչված էր դառնալու Խորհրդային Միության հակաօդային պաշտպանության կարեւորագույն հիմքերից մեկը եւ որի շուրջ հետագայում ընդլայնվել է Հրազդան քաղաքը:

«Հրազդանմաշի» գլխավոր պատվիրատուն Խորհրդային Միության պաշտպանության համակարգն էր, սակայն Խորհրդային Միությունը փլուզվելուց հետո կապերը միանգամից խզվեցին և ընկերությունը կորցրեց իր պատվիրատուին:
«Հրազդանմաշը» սեփականաշնորհվել է 1998թ. Ազգային ժողովի որոշմամբ, որի արդյունքում, ըստ արտադրական մասնաշենքերի, կազմավորվել են մի քանի կազմակերպություններ: Դրանցից այսօր առավել կայուն գործում են գործիքաշինական արտադրամասի վրա հիմնված «Հարվալ մաշինարի» ընկերությունը և «Պատնեշ» ՓԲԸ-ն:

2001թ. սեպտեմբերի 13-ին կառավարությունը որոշում ընդունեց «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի վերակազմակերպման մասին: Հենց նույն թվականին էլ կազմավորվեց «Պատնեշ» ՓԲԸ-ն՝ որպես Հրազդանմաշի իրավահաջորդ: Այն գործում է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով եւ զբաղվում է հատուկ տեխնիկայի նորոգման աշխատանքներով:
– 2001թ. Դեկտեմբերի 6-ից գրանցվել է Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում և ստացել գրանցման վկայական:

Ընկերության Կանոնադրական կապիտալը կազմում է 50 000 000 ՀՀ դրամ, որը կազմում է 5000 սովորական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 դրամ:
Ընկերության բոլոր բաժնետոմսերը բաշխված են և պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Համաձայն ՀՀ Կառավարության 1016-Ա առ 14 օգոստոսի 2003թ. որոշման ընկերության բաժնետոմսերի 100%–ի կառավարման լիազորությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարությանը: